Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հասե՞լ է ԲՀԿ-ի X պահը

Հասե՞լ է ԲՀԿ-ի X պահը
09.02.2015 | 10:55

«Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը հերթական մի բաժակ ջրի փոթորի՞կն է, թե՞ ՀՀԿ-ԲՀԿ նոր որակի դիմակայության մեկնարկը:
Առևանգումը, ծեծը, սպանությունը, ինքնասպանությունն արդեն վերածվել են հայկական հիվանդության: Ամեն օր ի հայտ են գալիս սպանությունների ու ծեծկռտուքների նվազագույնը երեքից չորս պատմություններ, որոնց մասին գրում են լրատվամիջոցները, իսկ քանիսի՞ մասին չեն գրում, որովհետև հայտնի չեն դառնում: Քրեական օրենսգրքով նախատեսված այդ հանցանքի համաճարակի կանխումը իրավապահների անմիջական գործն է: Նրանք տարեկան, կիսամյակային, եռամսյակային կտրվածքով իրենց հավաքներում զեկուցում են հանցագործությունների թվի անշեղ կրճատման ու բացահայտումների թվի անշեղ աճի մասին, ու՝ շարունակում են ծառայությունը: Բայց միայն իրավապահնե՞րն են մեղավոր հանցագործությունների անշեղ աճի մեջ: Հասարակության մեջ փոխվել են ընկալումները՝ բռունցքները դարձել են առաջին ու վերջին փաստարկ՝ սեփական ճշմարտությունը, կամքը, արդարությունը հաստատելու համար: Սա այլևս իրավական կամ բարոյահոգեբանական խնդիր չէ, սա քաղաքական խնդիր է: Առավել ևս, որ բոլոր աղմկահարույց սպանությունների ու ծեծկռտուքների կենտրոնում քաղաքական չլուծված հարցերն են:
Որքանո՞վ է քաղաքական Արտակ Խաչատրյանին առևանգելն ու ծեծելը, որ ԲՀԿ-ն որակել է «քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր»: Բացի ԲՀԿ անդամ լինելուց, նա «Կասեցում» շարժման ակտիվիստ է, շարժում, որի անդամների մի մասը չի հավատում վարչապետ Հովիկ Աբրահամյանին և կարծում է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրարկումը մինչև հուլիսի 1-ը հետաձգելը հարցի լուծում չէ և պետք է շարունակել պայքարը վիճահարույց օրենքն ընդհանրապես կասեցնելու համար: Հիմա Արտակ Խաչատրյանը ծեծվել է իբրև «Կասեցմա՞ն» ակտիվիստ, թե՞ ԲՀԿ անդամ: Ավելի շատ առաջինը, եթե փետրվարի 5-ին տեղի ունեցած չլիներ ԲՀԿ խորհրդաժողովը: Բայց ի՞նչ ասաց Գագիկ Ծառուկյանը, որ նրա կուսակցի հետ հաշվեհարդարը կապվի կուսակցության գործունեության հետ: Ինչո՞ւ ԲՀԿ-ն անմիջապես հայտարարեց, որ «Կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա: Երկրում ստեղծված գանգստերական մթնոլորտի և ամենաթողության հիմնական մեղավորը համարում ենք բարձրագույն քաղաքական իշխանությանը, ովքեր կրում են նաև անձնական պատասխանատվություն այս ամենի համար»: ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք սպանությունից՝ ծեծկռտուք, ծեծկռտուքից՝ սպանություն ու նոր ծեծկռտուք շղթան առանց այդ էլ լարված մթնոլորտում, երբ տրամաբանորեն միակ խնդիրը պետք է լինի հանցագործությունների արագ բացահայտումն ու հասարակությանը հանդարտեցնելը: Իրավացի՞ են ՀՀԿ-ին ներկայացված մեղադրանքները: Այո, որովհետև ՀՀԿ-ն ամբողջությամբ կրում է իշխանության պատասխանատվությունը, իսկ պետական ինստիտուտները չեն կատարում իրենց գործառնությունները կամ կատարում են այնքան վատ, որ օրը ցերեկով քաղաքի կենտրոնից մարդ են առևանգում, ծեծուջարդից հետո գցում տան մուտքի մոտ ու աննկատ հեռանում: Երբ կուսակցությունը նույնանում է պետության հետ՝ առաջին, երկրորդ, երրորդ դեմքերի մակարդակով ու իշխանական բուրգի ողջ բարձրությամբ, կուսակցությունը հայտնվում է ամենախոցելի դիրքում՝ որտեղ ինչ լինի ու ինչ չլինի, մեղավորը դառնում է ինքը: Առավել ևս, որ նույն այդ կուսակցության ներսում հանուն իշխանության պայքարում տարբեր խմբավորումներ կան, որ երկրի ապագան միմյանցից շատ տարբեր են տեսնում՝ մասնավորապես առաջին դեմքի հարցում: ՈՒ ստացվում է, որ ՀՀԿ-ն միաժամանակ դարձել է և դատավոր, և մեղադրյալ: Արտակ Խաչատրյանի հանդեպ գործված բռնությունը, սակայն, ի տարբերություն դեռ անցյալ տարվանից սկսած բռնությունների շղթայի, շատ արագ քաղաքականացվեց ԲՀԿ-ի թեթև ձեռքով ու սպառնում է դառնալ հասարակական ընդվզման սկիզբ, եթե ԲՀԿ-ն որոշի, որ այլևս X պահն է՝ սկսելու X գործողությունը, որի ակնկալիքների ու հետևանքների հարցում ինքն էլ կողմնորոշված չէ: Այո, ԲՀԿ-ն միանգամայն իրավացի է, երբ պահանջում է իրավապահ մարմիններից՝ ամենասեղմ ժամկետներում բացահայտել «այս և վերջին շրջանի բոլոր պատվիրված հարձակումները՝ քաղաքական, հասարակական գործիչների և ակտիվիստների վրա»: Բայց որքանո՞վ է խելամիտ ԱԺ ԲՀԿ խմբակցությանն առաջարկել մինչև մեղավորներին պատժելը՝ քննարկել ԱԺ աշխատանքները բոյկոտելու հարցը, ավելին՝ այդ հարցով խորհրդակցություններ սկսել մյուս խմբակցությունների հետ: Արդյո՞ք մեկ Արտակ Խաչատրյանը ԲՀԿ-ի համար ավելի՞ն է, քան ամբողջ Հայաստանը: Եթե ԲՀԿ-ն պատրաստ է բոյկոտել ԱԺ-ն, ինչու՞ ԱԺ աշխատանքները բոյկոտելու հարց չէր դնում հանուն երկրի փրկության, որի աղետալի վիճակի մասին խոսում է արդեն քանի տարի: Ինչո՞ւ այլ խմբակցությունների հետ չեն քննարկում մանդատները վայր դնելով՝ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու հարցը և իշխանություններից են իշխանափոխություն պահանջում: Որովհետև լուրջ ու պատասխանատու են վերաբերվում խորհրդարանին ու պատգամավորական աշխատանքի՞ն: ՈՒրեմն՝ թեթևամտություն չէ՞ բոյկոտի դիմելը այս պարագայում: Ավելի քան վտանգավոր է ԲՀԿ հայտարարությունը, որ Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից իրենց համակիրները պատրաստ են տասնյակ հազարներով շարժվել դեպի Երևան: Ճիշտ է՝ ԲՀԿ քաղխորհուրդը դեռ խնդրում է ձեռնպահ մնալ նման քայլերից, բայց կոչ է անում իր ակտիվիստներին՝ կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ ժողովրդի մեջ, համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար: Եթե սա առաջին հուզական արձագանք կամ քաղաքական շանտաժ չէ, ԲՀԿ-ն իր գործելակերպով նույնանում է իշխանության հետ, որի դեմ հայտարարել է պայքար և պատրվակ է որոնում կամ այդ պայքարը դադարեցնելու, կամ փակուղի մտցնելու, կամ ժողովրդի վրա գցելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առողջություն և արագ ապաքինում Արտակ Խաչատրյանին:

Դիտվել է՝ 1396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ